Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ մայիսի 5-ին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին:
Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Յուրի Վարդանյանին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ լեգենդար մարզիկի ներուժը, գիտելիքներն ու փորձը հետագայում եւս կծառայեն ոլորտի զարգացմանը:
Ներկայացնելով նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Հույս ունեմ, որ նախարարությունում իրականացվող բարեփոխումները համատեղ կփորձեք շարունակել եւ զարգացնել: Մեզ համար սպորտը կարեւոր ոլորտ է, եւ որպես վարչապետ, ամեն ինչ անելու եմ, սատարելու եմ, որպեսզի կարողանաք իրականացնել Ձեր առջեւ դրվելիք ծրագրերը»:
Այնուհետեւ ելույթ են ունեցել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին ու նորանշանակ նախարարները: Յուրի Վարդանյանը շնորհակալություն է հայտնել նախարարության աշխատակազմին արդյունավետ համագործակցության համար, շնորհավորել Գաբրիել Ղազարյանին եւ հաջողություն մաղթել: Իր հերթին Գաբրիել Ղազարյանն ընդգծել է, որ աշխատանքային գործունեության արդյունքում ավելի խորը եւ ճիշտ է ընկալում ոլորտում առկա խնդիրները, անձնապես ճանաչում է նախարարության աշխատակազմին եւ պատրաստ է համատեղ աշխատել նոր թափով: Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած վստահության համար եւ հավաստիացրել վարչապետին, որ նախարարությունը կշարունակի իրականացնել ընթացիկ ծրագրերը եւ նոր ձեռքբերումներ արձանագրել:





























