Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել I8ani հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ մայիսի 5-ին, Թեհրանում իր իրանցի գործընկեր Ջավադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Նալբանդյանը նշել է, որ գնահատում է Իրանի զուսպ եւ հավասարակշռված դիրքորոշումը, հաղորդում է Fars գործակալությունը:

Նա նաեւ ընդգծել է, որ Զարիֆի հետ բանակցությունների ընթացքում նրանք քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու հարցը:

Իր հերթին, Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար ավելի զգալի դեր խաղալու Թեհրանի պատրաստակամության մասին:

«Իրանը մշտապես հույս ունի, որ մեր տարածաշրջանը խաղաղության եւ բարեկամության տարածաշրջան է դառնալու: Իսլամական Հանրապետությունը մինչ օրս ջանք չի խնայել այդ ուղղությամբ եւ պատրաստ է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար ավելի զգալի դեր խաղալ»,-ասել է Զարիֆը:

Նա նաեւ հիշեցրել է Սիրիայում եւ Ուկրաինայում բարդ իրավիճակի մասին, ընդգծելով, որ «տարածաշրջանային խնդիրների լուծումը հակամարտությունների կարիք չունի»:

Զարիֆը նաեւ նշել է, որ երկու նախարարները քննարկել են տարբեր հարցեր, որոնք վերաբերում են քաղաքական, տնտեսական, խորհրդարանական ու մշակույթի ոլորտներում երկկողմ հարաբերություններին:
Նշենք, որ մայիսի 5-ին Նալբանդյանը պաշտոնական այցով մեկնել է Թեհրան: