Հայաստանի արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը եւ արդարադատության արդեն նախկին նախարար Հրայր Թովմասյանի մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանը աշխատանքից ազատվելու մասին դիմում են ներկայացրել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից:

«Արամ Օրբելյանը աշխատանքից դուրս գալու դիմում է ներկայացրել, սակայն այն դեռ չի քննարկվել, իսկ Կարինե Քալանթարյանի ազատման որոշումն արդեն կա»,- ասացին մամուլի ծառայությունից:

Կարինե Քալանթարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «եկել էր Հրայր Թովմասյանի հետ եւ նրա հետ էլ հեռանում է»:

«Ես եկել էի Հրայր Թովմասյանի հետ եւ նրա հետ էլ դուրս եմ գալիս աշխատանքից: Ես պետական մարմնում չեմ կարող աշխատել ու ինձ ավելի հոգեհարազատ է լրագրողի աշխատանքը»,- ասաց նա՝ նշելով, որ ոչ մի տարաձայնություն չունի նորանշանակ նախարարի հետ:

Նշենք, որ Հրայր Թովմասյանն աշխատանքից ազատվել է ապրիլի 30-ին: Նրա փոխարեն արդարադատության նախարար է նշանակվել Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը: