ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը այսօր` մայիսի 5-ին, մերժեց նախկինում 2 անգամ դատապարտված, ազգությամբ հույն, 34-ամյա Քրիստինե Տատարագուլոյի գործով վերաքննիչ բողոքը եւ նույնիսկ վերջին խոսքի հնարավորություն չտվեց մեղադրյալին:

«Ապշած եմ դատարանի կայացրած որոշումից, որ գոնե սիմվոլիկ ձեւով`  մի տարով, կամ մի քանի ամսով  մեղմացնեին պատիժը, կամ հաշվի առնեին, որ անչափահաս աղջիկ ունի մանկատանը: Բացի այդ, նույնիսկ չգիտեմ՝ ինչու վերջին խոսքի հնարավորություն էլ չտվեցին  իմ պաշտպանյալին»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց մեղադրյալի փաստաբան Արտակ Գարոյանը:

Նշենք, որ Քրիստինե Տատարոգուլոյին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախորդ տարվա հուլիսի 25-ին նա անձնական հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել ծաղկավաճառ, իր ընկերոջ մայր՝ Ծովինար Տոնոյանի հետ, որից հետո վերջինիս, նրա անչափահաս դստեր եւ ընտանիքի անդամների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով, ոտքով հարվածել է նրա ոտքին, ապտակել, իր մոտ եղած էլեկտրահարիչ սարքով էլեկտրահարել է Ծովինար Տոնոյանին:

Բացի այդ 2013թ. օգոստոսի 3-ին իր ընկեր Սարգիս Տոնոյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով, դանակով սպառնացել ու փորձել է հարվածել նրան՝ միջադեպի ամբողջ ընթացքում տալով սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես Տոնոյանների, այնպես էլ՝ իրեն դիտողություն արած անցորդների հասցեին:

Դատարանի բակում Քրիստինե Տատարոգուլոյի նախկին ընկերոջ Սարգիս Տոնոյանի մայրը` Ծովինար Տոնոյանը, NEWS.am-ի հետ թղթակցի զրույցում ասաց, որ ինքը շատ գոհ է դատարանի որոշումից. «Դատարանը մերժեց, լավ արեց, դրա պատճառով է, որ հեսա թղթերս հավաքած գնում եմ հիվանդանոց, հիվանդ եմ դարձել»:

Փաստաբանի խոսքով` դատարանի որոշումը անարդարացի է, քանի որ իր մեղադրյալի արարքին սխալ որակում է տրվել ի սկզբանե, քանի որ դա ոչ թե խուլիգանություն է, այլ միջանձնային վեճ:

«Այս առումով դատարանը երկու հոգու է պատժում՝ եւ մորը` Քրիստինեին, եւ նրա անչափահաս  աղջկան, քանի որ մայրը 4 տարի պատիժ է կրելու, իսկ նրա աղջկան նստածի աղջիկ են պիտակավորելու»,-ասաց փաստաբանը:

Փաստաբանի կարծիքով` տուժող կողմը` Ծովինար Տոնոյանը իր բողոքը պնդում է միայն նրա համար, որ տղային հեռու պահի Քրիստինեից. «Դե գիտի, որ մարմնավաճառ է նախկինում եղել Քրիստինեն եւ չի ուզում, որ իր որդին նրա հետ կապվի»:

Փաստաբան Գարոյանը նաեւ նշեց, որ դեռ իր պաշտպանյալի հետ չեն խորհրդակցել եւ  չեն որոշել՝ Վճռաբեկ դատարան կդիմեն, թե ոչ: