Իսրայելի կառավարությունը  լրջորեն շրջանցում է  Հայոց ցեղսպանության ճանաչման հարցը, որպեսզի չվնասի իր տարածաշրջանային քաղաքականությանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Իսրայելում հայկական «Նոյան տապան» մշակութային կենտրոնի մամուլի կցորդ Մենդել Կորսունսկին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում հայ համայնքի կողմից՝ կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ:

Կորսունսկու խոսքով՝ Հայոց ցեղասպանության պետական ճանաչման հարցում հայկական համայնքը համագործակցում է «Մերեծ» կուսակցության հետ, որն ակտիվորեն բարձրացնում է հարցւ Քնեսեթում. «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ  հայկական համայնքը բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկի, որպեսզի միջոցառումներին որքան հնարավոր է շատ մարդ մասնակցի: Ցանկանում են նշել, որ այս տարի հայերից բացի միջոցառումներին մասնակցեցին իսրայելցիներ, որոնք իրենց պարտքը համարեցին գալ ու աջակցել հայ ժողովրդին եւ իրենց բողոքը հայտնել իշխանությունների քաղաքականության կապակցությամբ»:

Մամուլի կցորդը նաեւ նշեց, որ, տարբեր գնահատականների համաձայն, Իսրայելում ապրում է մոտ 5-6 հազար հայեր, եթե հաշվենք միգրանտներին Հայաստանից, ինչպես նաեւ նրանց, ովքեր ծնվել են այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Յաֆոն, Հայֆան, ինչպես նաեւ հին քաղաք Երուսաղեմը: Ինչ վերաբերում է հայ համայնքի ներկայացուցչությանը երկրի սոցիալական եւ քաղաքական կյանքում, ապա, Կորսունսկու խոսքով, Իսրայելի քաղաքական կյանքում անմիջական մասնակցություն չկա. «Սակայն պետք է նշեմ, որ վերջին տարիներին հայ համայնքն ավելի ակտիվ է դարձել: Չեմ խոսում պետական մասշտաբի մասին, այլ քաղաքային:  Օրինակ, Փեթահ-Տիքվայում հայ համայնքը սատարեց քաղաքապետի թեկնածուներից մեկին: Կարծում եմ, նման միտումներն աստիճանաբար արդյունքների կհանգեցնեն»:

Ինչ վերաբերում է համայնքի եւ պատմական հայրենիքի հետ կապերին, Կորսունսկին նշել է, որ կապն, առաջին հերթին, պաշտպանվում է մայրենի լեզվի, կենցաղի եւ մշակույթի միջոցով: «Նախ եւ առաջ մենք հայրենիքի աջակցության կարիքն ունենք մշակույթի բնագավառում, քանի որ բարդ է հայկանա ոգով դաստիարակել այն սերնդին, որը կամ ծնվել է Իսրայելում, կամ ժամանել շատ վաղ տարիքում: Իսրայելի հայ համայնքը Հայաստանի Սփյուռքի նախարարության կողմից աջակցություն է ստացել երեկոյան հայկական դպրոցի կազմակերպման գործում: Համարում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը կարող է օգտվել Իսրայելի կառավարության փորձից, որը ծրագրեր է մշակել երիտասարդ հրեաներին պատմական հայրենիք վերադարձնելու համար»: