Ադրբեջանում մոտ մեկ ամիս գերության մեջ մնացած, ապա գերությունից ազատված՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանի վիճակը օրեցօր վատանում է։ NEWS.am-ի հետ զրույցում այս մասն ասաց Մամիկոն Խոջոյանի դուստրը` Հեղինե Խոջոյանը՝ նշելով, որ կասկածներ կան, որ գերության ժամանակ նրան սոլյարկա են ներարկել, եւ այն նոր է ազդում:
«Մտածում ենք, որ սոլյարկան նոր է ազդում, պապան օր օրի ուռում ա, վիրահատած ձեռքն էլ ա ուռել, չի կարողանում շարժի: Փոքր երեխու նման լացում ա ցավից, հենց փորձում ենք ձեռքը շարժել: Շատ է տանջվում, իմ հերն ա, բայց մտածում ենք՝ ավելի լավ ա մահանա, քանի սենց տանջվի»,- հուզված պատմում էր Հեղինեն:
Մամիկոն Խոջոյանի զավակները շփոթված են, իրենց հորը շուրջօրյա խնամք է հարկավոր, բայց միջոցներ չունեն դրա համար:
«Ինքը չի կարողանում անգամ նստի, անընդհատ պառկած է: Մեր գումարը չի հերիքում, որ իր համար տակդիր առնենք: Ոչ գործ կա, ոչ մի բան: Այստեղի բուժքույրն են օգնում ինչ-որ ձեւով»,- ասաց Մամիկոն Խոջոյանի դուստրը:
Մամիկոն Խոջոյանի որդին` Հայկազ Խոջոյանն էլ կարծում է, որ հոր առողջական վիճակը վատանում է, քանի որ նրան շուտ են դուրս գրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, եւ նա չի հասցրել ապաքինվել:
Նշենք, որ Մամիկոն Խոջոյանին հիվանդանոցից դուրս են գրել ապրիլի 3-ին, որտեղ նա բուժվել է շուրջ մեկ ամիս:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ է հայտնվել հունվարի 28-ին: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: Մարտի 4-ին Ադրբեջանը նրան վերադարձրել է Հայաստանին: Նախնական զննությամբ պարզվել է, որ Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաեւ բազմաթիվ վերքեր եւ սալջարդեր: Բոլոր վնասվածքները վկայում են, որ նրան գերության մեջ խոշտանգել են։



























