Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մայիսի 5-ին, ավարտվեց անչափահաս Կարեն Մարգարյանի սպանության գործով դատական քննությունը, դատախազն ամբաստանյալ 19-ամյա Ջոն Խալաթյանի համար դատարանից պահանջեց 13 տարվա ազատարկում:
Ջոն Խալաթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ նոյեմբերի 20-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակում կատակի պատճառով վիճաբանել է անչափահաս Կարեն Մարգարյանի հետ, որի ժամանակ անճափահասը ապտակել է Խալաթյանին:
Ջոնն իրեն այդ ապտակից նվաստացած է զգացել եւ տնից վերցնելով ծալովի դանակը` Կարեն Մարգարյանին կանչել է վերջինիս հորաքրոջը պատկանող՝ Ջրվեժի Մայակ թաղամասում գտնվող տաղավար, ապա նրա հետ մտել է մոտակա շենքի մուտք, որտեղ կյանքից զրկելու դիտավորությամբ 2 անգամ դանակով հարվածել է նրան: Կարեն Մարգարյանին հարազատները տեղափոխել են «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նա վիրահատության ժամանակ մահացել է:
Ջոն Խալաթյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Դատական քննության ավարտին, մահացած անչափահասի տատիկը` Լիդա Մարգարյանը, որն ամբողջ դատական նիստի ժամանակ լացում էր, դատավարին ասաց, որ պատժի չափը թողնում է նրա խղճին:
«Դու իմ թոռան տրորած հողը չարժես, թող քո մերն էլ էն զգա էն ինչ, որ ես եմ զգացել, թող ինքն էլ իմ նման սեւ շորեր հագնի, պատկեր երեխա էր, ինչի սպանեցիր»,- ամբաստանյալին դիմեց մահացածի տատիկը:
Ջոն Խալաթյանը նախորդ դատական նիստների ժամանակ մասնակի է ընդունել իր մեղքը`ասելով, որ հարվածել է, բայց սպանելու մտադրություն չի ունեցել:
Սակայն Կարեն Մարգարյանի հորաքույրը դատարանին տված վկայության ժամանակ նշել է, որ Կարեն Մարգարյանը միջադեպից հետո «փորը բռնած վազել է դեպի իր տաղավար եւ պատմել, որ իր փորը ծակել է Ջոնը եւ ասել`դե գնա մեռի»:
Դատական նիստի ժամանակ մահացածի իրավահաջորդ` Լիդա Մարգարյանը դատարանին ներկայացրեց քաղաքացիական հայց, որով մեղադրյալից պահանջեց 2 .500.000 դրամ` որպես հուղարկավորման ծախսերի փոխհատուցում:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի15-ին, ճառով հանդես կգա ամբաստանյալի պաշտպանը:



























