Այսօր՝ մայիսի 5-ին տեղի է ունեցել  ԲՀԿ քաղաքական  խորհրդի եւ խմբակցության համատեղ նիստը: Նիստը քննարկել է օրակարգային մի շարք հարցեր։

ԲՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե խմբակցության եւ քաղաքական խորհրդի անդամները ներկայացրել են ներկուսակցական եւ ներքաղաքական օրակարգային մի շարք հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումներն ու տեսակետը։ Ի թիվս  այլ հարցերի, համատեղ նիստի ընթացքում քննարկվել է ԱԺ ներկայացվելիք կառավարության ծրագրի հանդեպ  ԲՀԿ-ի կողմից որդեգրվող դիրքորոշման հարցը:

«ԲՀԿ նախագահ  Գագիկ Ծառուկյանը վերահաստատել է, որ կուսակցության հերթական համագումարի ժամանակ հնչեցված բոլոր դրույթները ուժի մեջ են եւ որեւէ  փոփոխություն կուսակցության որդեգրած քաղաքական կուրսի մեջ չի լինելու։ ԲՀԿ ղեկավարը մեկ անգամ եւս արձանագրել է, որ իր արժանապատվության եւ կուսակցության հեղինակության հաշվին որեւէ զիջում եւ հետքայլ բացառված է:

Նիստի ընթացքում Գագիկ Ծառուկյանը եւս մեկ անգամ կոչ է արել ակտիվորեն համագործակցել եւ աշխատել հասարակության բոլոր շերտերի հետ: ԲՀԿ ղեկավարը նաեւ հնչեցրել է  համոզմունք, որ առաջիկա   համապետական ընտրություններում   հաղթանակը  այլեւս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը»,- ասվում է ԲՀԿ լրատվության  եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու ,ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հայտարարության մեջ: