Հարավային Կորեայի  «Սեւոլ» լաստանավի խորտակման վայրում  որոնողական գործողությունների ժամանակ ջրասուզորդ է զոհվել:
Հերթական սուզման ժամանակ 53-ամյա ջրասուզորդը կորցրել է գիտակցությունը: Ջրից դուրս բերելուց հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ապրիլի 16-ին խորտակված լաստանավում հայտնաբերվել են 262 զոհերի մարմիններ, եւս 40 մարդ համարվում է անհետ կորած:  Նավաբեկության ժամանակ հաջողվել էր փրկել միայն 174 ուղեւորի եւ անձնակազմի անդամների: