Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավատը ժամանել է երկրի Սահմանադրական դատարան ՝ իշխանությունը չարաշահելու մեղադրանքներին պատասխանելու համար:

Նրա դեմ հայցը ներկայացրել էին մի խումբ սենատորներ, ըստ որոնց՝ վերջինս ապօրինաբար երկու տարի առաջ փոխել է ազգային անվտանգության ծառայության ղեկավարին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Եթե Չինավատը մեղավոր ճանաչվի, նրան կարգելեն 5 տարվա ընթացքում քաղաքական գործունեությամբ զբաղվելը:

Մայիսի 3-ին Թաիլանդի ընդդիմության առաջնորդ Աբհիսիթ Վեթչաչիվան իշխանություններին կոչ էր արել հետաձգել հուլիսի համընդհանուր ընտրությունները՝ քաղաքական ճգնաժամը կարգավորելու համար:

Ավելի վաղ երկրի Սահմանադրական դատարանը չեղյալ էր հայտարարել փետրվարին կայացած ընտրությունների արդյունքները՝ զանգվածային բողոքների ֆոնին: