Վատ բան չկա, որ նորանշանակ նախարարների հարազատները տարիներ շարունակ զբաղվել են բիզնեսով եւ կուտակել հարստություն: Այսօր` մայիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը` անդրադառնալով մամուլի այն տեղեկությանը, թե ներկայիս կառավարությունն ամենահարուստն է:
«Իսկ հարուստ լինելը չի նշանակում մեծ գումարներ ունենալ, կարող է լինել հոգեւոր հարստություն: Բացի դրանից ի՞նչ վատ բան կա, որ այս կամ այն նախարարի բարեկամը, եղբայրը, տարիների ընթացքում զբաղվել է բիզնեսով եւ հարստություն կուտակել»,- ասաց նա:
Մինչդեռ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը համոզված է, որ ներկայիս կառավարությունը «օլիգարխիայի կառավարություն է»: Այս բնորոշումը «վիրավորեց» ՀՀԿ-ական պատգամավորին:
«Ոչ, սա դասական օլիգարխիա է, երբ պաշտոնյան ապօրինի գումարներ է կուտակում, իսկ մեր նախարարները հենց այս կերպ են հարստություն հավաքել»,- հակադարձեց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Այս խոսքերից հետո Մկրտիչ Մինասյանը խորհուրդ տվեց փոխել խուսակցության թեման եւ խոսել Հովիկ Աբրահամյանի լավ կողմերի մասին:
«Իհարկե, Տիգրան Սարգսյանը կովի կողքին էր կանգնում, իսկ Հովիկ Աբրահամյանը կանգնում է բիզնեսի կողքին»,- հեգնեց Ստյոպա Սաֆարյանը, որին ի պատասխան ՀՀԿ-ական ներկայացուցիչը նշեց. «Պետք չէ վիրավորել, իսկ Հովիկ Աբրահամյանն էլ հողի մարդ է, նա շատ լավ գիտի, թե ինչ խնդիրներ կան»:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել ապրիլի 13-ին, իսկ կառավարության ամբողջական կազմը հայտնի է դարձել մայիսի 3-ին: Շատ քաղաքական վերլուծաբաններ եւ գործիչներ տեսակետներ են հայտնում, թե նոր կառավարությունում գերակշռում են գործարար մարդիկ:




























