Ուկրաինայում բռնկված զինված հակամարտության լարվածության աճի ֆոնին Գերմանիայի արտաքին գերատեսչությունը երկրի` Ուկրաինայի հարավային եւ արեւելյան շրջաններում գտնվող քաղաքացիներին անմիջապես հեռանալու խորհուրդ է հղել: Այս մասին տեղեկություն է հաղորդվում նախարարության պաշտոնական կայքում:

Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ-ն դեպի Ուկրաինայի արեւելք եւ հարավ ճամփորդություններից հրաժարվելու խորհրդով էր հանդես եկել:

Մի շարք ուկրաինական շրջաններում տիրող իրադրությունը, գերմանացի դիվանագետների գնահատմամբ, «չափազանց լարված» է:

Մասնավորապես, արտաքին գերատեսչությունը զինված մարդկանց կողմից Դոնեցկում եւ Լուգանսկում կառավարական շենքերի գրավման փաստերն է հիշատակում: ԱԳՆ գնահատմամբ, ռուսամետ տրամադրվածությամբ անջատողականների դեմ «ուկրաինական անվտանգության ուժերի ձեռնարկած հակաահաբեկչական գործողությունների մեկնարկից ի վեր» իրադրությունն այդ քաղաքներում «շարունակում է սրվել»: Բացի այդ, նախարարությունը ուշադրություն է հրավիրել Օդեսայում մայիսի 2-ին տեղի ունեցած անկարգությունների հանգամանքին, որոնց արդյունքում 42 մարդ է մահացել, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: