Քալիֆորնիայի խորհրդարանի կանոնակարգային հանձնաժողովը մայիսի 5-ին հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի անկախությանն աջակցություն հայտնող բանաձեւի նախագծին, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը:

Հանձնաժողովը աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի` որպես ազատ եւ անկախ երկիր զարգացման շարունակական ջանքերին եւ կոչ հղել ԱՄՆ նախագային ու Կոնգրեսին` աջակցելու ԼՂՀ ինքնորոշմանը եւ ժողովրդավարական անկախությանը:

Խորհրդարանի անդամ Մայք Գատտոյի կողմից ներկայացված բանաձեւի նախագծին կողմ են արտահայտվել հանձնաժողովի 9 անդամներ: Հաջորդ քայլը մայիսի 8-ին նախատեսված խորհրդարանական քվեարկությունն  է լինելու:

Այսպիսով, Քալիֆորնիան կարող է միանալ Ռոդ-Այլենդ, Մեն, Մասաչուսեթս եւ Լուիզիանա նահանգներին, որոնք արդեն ճանաչել են Լեռնային ղարաբաղի անկախությունը: