Թուրքիայի մարդու իրավունքների միության Ստամբուլի գրասենյակը հայտարարութուն է տարածել՝ նշելով, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցական ուղերձը հայերին սովորական ժխտողական տեքստ էր։
Թուրքական Bianet.org կայքի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների միության Ստամբուլի գրասենյակի Ռասիզմի եւ խտրականության դեմ հանձնաժողովը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ սկսել է «Վերջ ժխտողականությանը» արշավը։
Հանձնաժողովի անունից հայտարարությամբ հանդես եկած Էրեն Քեսքինը, անդրադառնալով Էրդողանի հայտնի ուղերձին, նշել է, թե չնայած Էրդողանի հայտարարարության լեզուն նախադեպ էր պատմության մեջ, սակայն տեքստը կրկին Ցեղասպանության հերթական ժխտումն էր։
«1915-ին Օսմանյան պետությունը հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն է իրականացրել։ Ցեղասպանությունը մարդկության դեմ հանցանք է։ Ցեղասպանության ժխտումն էլ մարդու իրավունքների ծանրագույն խախտում է»,-ասվել է Էրեն Քեսքինի հայտարարության մեջ։
Նշենք, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ վարչապետը ցավակցություն է հայտնել 1915-ի զոհվածներին, սակայն իր հայտարարության տեքստում կրկին չի հեռացել պաշտոնական ժխտողական թեզից։




























