Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հյուրընկալել է Գարեգին Բ կաթողիկոսին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ կառավարություն այցելելու համար եւ նշել, որ մեծապես կարեւորում է պետություն-եկեղեցի համագործակցության ակտիվացումը:
Վեհափառն իր բարեմաղթանքներն է հղել վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին եւ նշել. «Գիտենք, որ կառավարության առջեւ բազում հարցեր, խնդիրներ կան ծառացած: Մաղթում ենք Ձեզ ուժ, եռանդ եւ կարողություն, որպեսզի կարողանաք մեր ժողովրդի ակնկալիքներին ընդառաջ արդյունքներ արձանագրել»:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարության առաջիկա գործունեությունն ուղղվելու է տարբեր ոլորտներում առկա խնդիրների լուծմանը, իսկ այդ նպատակով իրականացվելու են հստակ ծրագրեր:
Այնուհետեւ վարչապետ Աբրահամյանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են եկեղեցի-պետություն հարաբերությունների հետագա ամրապնդմանը, վանական համալիրների վերակառուցման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին եւ այլ խնդիրների:





























