ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գնահատմամբ Ուկրաինայում բնակչության ցեղասպանություն է ընթանում: Ելույթ ունենալով Բելգրադում կազմակերպված «Բալկանյան երկխոսություն» համաժողովին, նա ցավակցություններ է հայտնել մայիսի 2-ին Օդեսայում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին:
«21-րդ դարում ռուս եւ ուկրաինացի ժողովուրդների ցեղասպանության հետ գործ ունենք»,- հայտարարել է Նարիշկինը:
Միեւնույն ժամանակ, ուկրաինական իշխանությունների գործողությունները Հաագայի դատարանում հետաքննելու`ՌԴ արտաքին գործերի նախարարությանն ուղղված միջնորդությամբ է հանդես եկել Պետդումայի պատգամավոր Միխայիլ Մարկելովը: Գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի անունով համապատասպան պաշտոնական հայցը խորհրդարանականը մայիսի 6-ին կներկայացնի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նա մեկնաբանել է, որ «անհատը չի կարող Հաագայի միջազգային դատարան դիմել, քանի որ դա միայն պետության իրավունքն է»:
«Ես ԱԳՆ-ին խնդրում եմ Ռուսաստանի անունից նման նախաձեռնությամբ հանդես գալ»,- հավելել է պատգամավորը:
«Արդեն նախադեպ ունենք, երբ նմանատիպ միջազգային հանցագործությունը քրեականացվել է. խոսքը Հարավսլավիայի ղեկարվարների` Սլոբոդան Միլոշեւիչի եւ Ռատկո Մլադիչի դատավարության մասին է: Նրանց նմանատիպ հանցագործությունների, այդ թվում նաեւ` խաղաղ բնակչության սպանությունների մեջ են մեղադրել»,- ասել է նա:



























