Մայիսի 5-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերի մասնակցությամբ Հադրութում տեղի է ունեցել արտագնա ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում իրականացված եւ իրականացվող գործընթացների քննարկմանը:

Խորհրդակցության ընթացքում նախ` միավորման հրամանատարը ըստ ուղղությունների ներկայացրել է ենթակա զորամասերում եւ առանձին ստորաբաժանումներում կատարված աշխատանքների ընդհանուր բնութագիրը, ապա անդրադարձել է առկա հիմնախնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե քննարկվող հարցերի շուրջ իրենց նկատառումներն են ներկայացրել նաեւ զորամասերի եւ ստորաբաժանումների հրամանատարներն ու համապատասխան ուղղությունների պատասխանատուները:

Ծառայողական խորհրդակցությունը եզրափակվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ամփոփիչ խոսքով: Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը ներկաների ուշադրությունն է հրավիրել խորհրդակցության ընթացքում հնչած թերացումների վերացման եւ տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների անթերի իրականացման վրա: Նախարարը հատկապես կարեւորել է բանակի վարչության աշխատանքը տեղերում, որը պետք է կրի ինչպես վերահսկողական, այնպես էլ օժանդակիչ բնույթ: