Ռուասաստանը մտադիր չէ միջամտել Վրաստանի ներքին  գործերին՝ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրման հետ կապված, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Իմ խորհուրդը. հետաքրքրվեք ԵՄ-ից ու ԱՄՆ-ից՝ արդյոք չունեն ծրագրեր այն դեպքերի համար, եթե վրաց ղեկավարությունը չանի այն, ինչ իրենից ակնկալվում է, - ասել է Լավրովը: - Չեմ ցանկանում կոպիտ լինել, սակայն այդ հարցի հասցեատերերն իրականում այնտեղ են: Մենք վարչակարգերի փոխարինմամբ եւ «գունավոր հեղափոխությունների» կազմակերպմամբ չենք զբաղվում, առավել եւս՝ դարչնագույն երանգով, ինչպիսին Ուկրաինայում է»:

«ԵՄ-ի արձագանքը  Ուկրաինայի նախագահի՝ համաձայագրի ստորագրումը հետաձգելու լեգիտիմ որոշմանը մոտ էր հիստերիային, - նշել է նախարարը:  - Միանգամից կազմակերպվեց ժողովրդական բաղոքներին աջակցությունը, որոնք գլխավորում էին արմատականները: Թափվեց խաղաղ քաղաքացիների արյունը»:

«Ես չհասկացա՝ ինչով էր պայմանավորված ԵՄ-ի եւ նրան աջակցող ԱՄՆ-ի անհամաչափ արձագանքը, եթե չելնենք այն ենթադրությունից, որ ԵՄ-ն որոշել է Ուկրաինան ընդմիշտ պոկել Ռուսաստանից՝ ստիպելով արհեստական ընտրություն կատարել, որոշել՝ Արեւմուտքի հե՞տ է, թե՞ Ռուսաստանի,-  ընդգծել է նախարարը: Թե ինչ ստացվեց դրանից, տեսեք ինքներդ»:

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ վրացի գործընկերների հետ շփումները թույլ կտան հանգիստ եւ առողջ նայել երկու երկրների միջեւ հարաբերությունների նոր իրականությանը: «Մենք ցանկանում ենք, որ Վրաստանը կայուն պետություն լինի, որ ժողովուրդը լավ ապրի, սակայն սա չի նշանակում, որ Աբխազիան ու Հարավային Օսիան մենք կդիտարկենք Վրաստանի իրավիճակի համատեքստում, - նշել է նախարարը:  - Նրանք մեր հարեւաններն են»: