Կոմիտասի 5 hասցեում նախորդ տարվա օգոստոսի 24-ին բազմահարկի շինարարության դեմ բնակիչների բողոքին միացած Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու՝ ոստիկանության հայցի քննությանն այսօր՝ մայիսի 6-ին,  Կիվիրյանի պաշտպանը դատարանին հակըննդեմ հայց է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանը:

«Մենք հակընդդեմ հայց ներկայացրինք, որով պահանջում ենք ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել: Ինձ վարչական պատասխանատվության ենթարկելու ոստիկանության հայցը սնանկ է եւ զուրկ է որևէ հիմնավորումից: Մեր փաստարկները հիմնավոր են, դատարանը փաստացի հայցը մերժելու որևէ տարբերակ չունի»,-ասաց Արգիշտի Կիվիրյանը՝ նշելով, որ դատարանը ժամանակ է տվել հայցվոր կողմին՝ հակընդդեմ հայցին ծանոթանալու համար:

Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում բազմահարկի դեմ բողոքող բնակիչները և նրանց միացած ակտիվիստները փորձել էին փակել Կոմիտասի պողոտան: Արգիշտի Կիվիրյանին Կոմիտասի պողոտայից բերման էին ենթարկել: Նրա նկատմամբ արձանագրություն էր կազմվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը:

Հիշեցնենք, որ նույն դեպքի առթիվ Կիվիրյանի դեմ հարուցվել է նաև քրեական գործ: Կիվիրյանը հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը:

Գործն այժմ դատական քննության փուլում է: