Հայաստանի ՊՆ վարչական համալիրում մայիսի 6-ին անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության եւ ՀՀ ԶՈւ կապի եւ ավտոմատ կառավարման համակարգերի վարչությունների կողմից իրականացված աշխատանքները, քննարկվել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումներն ու շտկման կարիք ունեցող բացթողումները:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի եւ ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականեր եւ քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Խորհրդակցության ընթացքում զեկույց-հաշվետվություններով հանդես են եկել ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը եւ ԶՈւ կապի եւ ավտոմատ կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը: Զեկույցներում ներկայացվել են ենթակա զորամասերում սպառազինության եւ միջոցների համալրման, արդիականացման եւ վերազինման, զինծառայողների պատրաստվածության եւ մասնագիտական ունակությունների կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Վերհանելով շտկման կարիք ունեցող հարցերը, խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:




























