Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը պաշտոնանկ է արվել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ մարզպետը դեռեւս հրաժարականի դիմում չի ներկայացրել: Իսկ անձամբ մարզպետը ժամը 16.00-17.00-ի սահմաններում մեզ հետ զրույցում ասել է, թե գնում է Հրազդան, տեղ հասնի, կխոսի:

Ավելի ուշ՝ ժամը 18.00-ի սահմաններում նրա հեռախոսահամարին պատասխանեց արդեն վարորդը, ով տեղեկացրեց, որ Կովալենկո Շահգալդյանն այժմ Կառավարությունում է, հենց դուրս գա, կխոսի; Դրանից հետո Կոտայքի մարզպետը չի պատասխանում հեռախոսազանգերին:

Ի դեպ, Կառավարությունից էլ NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ առայժմ տեղյակ չեն Կոտայքի մարզպետի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին:

Նշենք, որ Կովալենկո Շահգալդյանի պաշտոնանկության մասին լուրերը վաղուց են լրատվամիջոցներում շրջանառվում: Հայտնի է նույնիսկ նրան փոխարինողի անունը: Մեր տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ կնշանակվի Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը: