Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը բավարար է, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչությունից:

«Վարդան Պետրոսյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժական մասում է այժմ գտնվում, նրան զննել են, վիճակը բավարար է»,- հայտնեցին մամուլի ծառայությունից:

Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն օրերս դիմել էր անկախ բժիշկների, քանի որ համոզված է, որ իր պայմանները կալանավայրում այնքան էլ լավ չեն, հատկապես որ վերջինս սրտի եւ թոքերի հետ խնդիր ունի: Այնուամենայնիվ, մամուլի ծառայությունից հայտնեցին, որ անկախ բժիշկների խումբը դեռ կալանավայր չի այցելել:

Նշենք, որ Վարդան Պետրոսյանին «Նուբարաշեն» ՔԿՀ են տեղափոխել ապրիլի 29-ին: Ըստ փաստաբանի՝ սրտի եւ թոքերի խնդիր ունեցող կալանավորին սխալ է մեկուսարանում պահել:

«Սրտի եւ թոքի խնդիրներ ունեցող մարդուն պահում են փակ տարածքում: Նույն մեկուսարանն է, տարբերություն չկա: Հիվանդ մարդու համար իմ կարծիքով վատ պայմաններ են, այդ պատճառով դիմել եմ անկախ բժիշկների, որպեսզի հասկանանք՝ ինչքանով է ճիշտ նման խնդիրներ ունեցող մարդուն այս պայմաններում պահելը»,- ասել էր նա:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «ՎԱԶզ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am