Պահեստազորի գնդապետ, արդեն 8 ամիս ազատազրկման մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում բուժօգնություն են ցույց տվել անմիջապես, հենց որ նա դիմել է բժիշկներին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչությունից՝ նշելով, որ ազատամարտիկի հայտարարությունը, թե հրաժարվել են երկու ամիս բուժօգնություն ցույց տալ, չի համապատասխանում իրականությանը:
«Վոլոդյա Ավետիսյանը հետազոտված է, այս պահին բուժում է ստանում եւ գտնվում է բժիշկների հսկողության տակ: Առողջական լուրջ խնդիրներ չունի: Հենց դիմել է բժիշկներին, անմիջապես օգնություն են ցույց տվել»,- ասացին մամուլի ծառայությունից:
Նշենք, որ մայիսի 6-ին կայացած դատական նիստի ժամանակ Վոլոդյա Ավետիսյանը մասնավորապես հայտարարել էր. ««Ես քրեակատարողական հիմնարկում դիմել եմ բուժծառայությանը իմ հիվանդության պատճառով, ինձ վատ էի զգում, որից հետո մարտի 14-ին հետազոտություն եմ անցել, հայտնաբերել են հիվանդություն, որից հետո պետք է նշանակեին բուժում, չեն նշանակել, դրանից հետո ԱԺ-ից Նիկոլ Փաշինյանն է եկել, իրեն եմ դիմել այդ հարցով, այնուհետեւ ՄԻՊ-ից են ինձ երեկ այցելել, իրենց էլ դիմեցի նույն հարցով, վերջապես երեկ ինձ նշանակել են բուժում»:
Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է եւս մեկ մեղադրանք՝ խարդախության փորձ կատարելու համար: Նա կաշառք ստանալու պատրվակով,չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երեւան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձեւավորված վստահությունը, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը, սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ.հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երեւան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























