Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը մայիսի 5-ին, ընդունել է Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մարիո Գոդինյո դե Մատուշին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով զրուցակցին փոխնախարար Մանասարյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր փորձն ու գիտելիքները կներդնի՝ ի նպաստ հայ-պորտուգալական բարեկամական հարաբերությունների զարգացման:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մատուշը վստահեցրեց, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար։
Զրույցի ընթացքում երկուստեք նշվեց երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, առեւտրատնտեսական հարաբերությունների եւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման, գիտական եւ մշակութային կապերի սերտացման կարեւորության մասին։


























