Ջեյմս Ուորլիքի` Կարնեգիի կենտրոնում Լեռնային Ղարաբաղի շուրջ զեկույցին ընդառաջ Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համփարյանն ընդգծել է ԱՄՆ քաղաքականության` ամերիկյան արժեքների հետ համաձայնեցման կարեւորությունը:

Նրա խոսքով, պետքարտուղարության` ԼՂ հարցի շուրջ քաղաքականության համար Ամերիկայի` ազատության եւ ժողովրդավարության համամարդկային արժեքներին հավատարմությունն է չափորոշիչ ստանդարտ հանդիսանում: «Անկախություն ձեռք բերելուց ի վեր ամերիկացիները հպարտությամբ իրենց ազատության առաջամարտիկ են համարում, հերքելով ազատ ժողովրդի նկատմամբ արտաքին իշխանությունը եւ իրենց ու ողջ մարդկության համար պաշտպանելով այն մշտական սկզբունքը, թե կառավարությունը կառավարելիներից պետք է բոլոր օրինական լիազորությունները ստանա»,- հայտարարել է Համփարյանը:

Գործադիր տնօրենը նշել է, որ ԼՂՀ-ն արտաքին բռնատիրության եւ ագրեսիայի դեմ ժովովրդավարական ինքնորոշման տեսքով հաղթանակի արդյունք է: «Մենք, իրավատեր լինելով, աջակցում ենք մարդկային ոգու մեծ հաղթանակին, եւ, որպես ամերիկացիներ, չենք կարող խնդրել ուրիշներին, որ ավելի քիչ ազատությամբ ապրեն, քան ինքներս մեզ համար կընդունեինք»,- հավելել է նա:

Հիշեցենք` ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» զեկույցով հանդես կգա Վաշինգտոնի Կարնեգիի կենտրոնում: Նրա խոսքով, զեկույցը ԱՄՆ քաղաքականությունն է ուրվագծելու: