ՀՀԿ խմբակցության այսօրվա՝ մայիսի 7-ի նիստում, խմբակցության ղեկավարի պաշտոնում Վահրամ Բաղդասարյանի թեկնածությունը քվեարկվել է միաձայն: Այս մասին նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշել է ինքը՝ Վահրամ Բաղդասարյանը:
Նա հավաստիացրել է, որ իր թեկնածության հետ կապված որեւէ հակասություն չի եղել: «Եթե ներկա գտնվեիք նիստին կզգայիք` նման հակասություններ կան: Իսկ եթե կան որեւէ խնդիրներ, թերահավատություն, ապա թերահավատները կարող են գալ ինձ մոտ եւ անմիջապես կփարատվի նրանց թերահավատություն: Չկա նման բան»,- ասել է Բաղդասարյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե իր թեկնածությունը ոչ բոլոր ՀՀԿ-ականների սրտով է եղել:
Նա նաեւ նշել է, որ իր համար ՀՀԿ խմբակցության ղեկավար դառնալու առաջարկն անակնկալ է եղել: Բաղդասարյանը խոստացել է հզորացնել «խմբակցության դիրքերը»:
Անդրադառնալով տարածված լուրերին, որ ՀՀԿ խմբակցությունը բաժանված է թեւերի՝ երիտասարդական եւ հին գվարդիայի, ՀՀԿ խմբակցության նոր ղեկավարը նշել է. «Դրանք զուտ խոսակցություններ են եւ շատ համախմբված է եղել խմբակցությունը տարիներ շարունակ: Բնական է, նույնիսկ երեք-չորս հոգանոց ընտանիքում լինում են խոսակցություններ, բանավեճեր, բայց խմբակցության մեջ այդ ամենը կարգավորվել է բանակցային փուլում: Բնական է, եթե չլինեն որեւէ վեճեր, բանավեճեր, ապա արդյունավետ աշխատանք չենք կարող ապահովել»:
Դիտարկմանը, թե ՀՀԿ խմբակցության ղեկավարի համար միշտ խնդիր է եղել խմբակցության անդամներին հարկադրանքով ԱԺ նիստերին բերելը՝ հատկապես քվեարկությունների ժամանակ, Բաղդասարյանը կարծիք է հայտնել, որ իհարկե բացակայություններ հնարավոր է լինեն, բայց չի կարծում, թե որեւէ մեկը կցանկանա տապալել ԱԺ աշխատանքները. «Նրանք բոլորը հասուն եւ կայացած քաղաքական գործիչներ են եւ ըմբռնումով են մոտենում իրենց պարտականություններին»:


























