Նորանշանակ նախարարները եկել են նորից իշխանություն, որպեսզի իրենց տարիներով կուտակածը պաշտպանեն, իսկ իրականում Հովիկ Աբրահամյանը պետք է սկսի իր ընկերներից եւ ազգայնացնի նրանց կուտակած հարստությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը։
«Տարոն Մարգարյանը շատ հետաքրքիր բան ասաց ապօրինի շինությունների վերաբերյալ։ Նա ասաց, որ բոլոր գործարքները պետք է սկսել ընկերներից եւ բարեկամներից։ Սա շատ լավ ուղերձ է, որպեսզի վարչապետ Հովիկ Աբրահամյանը սկսի իր ընկերներից, ազգայնացնի այն հարստությունները, որոնք իր ընկերները կուտակել են այս տարիների ընթացքում։ Օրինակ՝ Կարեն Ճշմարիտյանն ինչեր ձեռք է բերել եւ եկել է, որ դրանք պաշտպանի, կամ Գագիկ Խաչատրյանը, որն ըստ մամուլի՝ 15-20 հազար դոլար է ուզում իր նախարարության պետերից նրանց աշխատանքից չզրկելու համար։ Ուրեմն ինքը տվել է, որ հիմա էլ մյուսներից է պահանջում»,- ասաց նա։
Այստեղ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը ընդհատեց. «Էս ի՞նչ թվեր են», այւոնհետեւ ավելացրեց. «Քաղաքական գործիչը դատապարտված է, հլը չեն եկել, ոչինչ չեն արել։ Ձեր ասածը հիմնազուրկ է, լրատվամիջոցների աղբյուրները նրանք ենք, ովքեր կոֆեի բաժակի մեջ են նայում։ Ես ցավում եմ, որ մենք հլը չմտած, մեզ վարկաբեկում են, կարելի ա մեզ խփել։ Այնպես որ պետք չէ այսպես վերաբերվել, պետք է հավատալ եւ հուսալ, եւ ինքս հույս ունեմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու»։
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել ապրիլի 13-ին։ Կառավարության նոր ծրագիրը խորհրդարան կներկայացվի մայիսին։


























