Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է նահանջի դիմի Ուկրաինայի հարցում, հակառակ դեպքում կարող է ամեն ինչ կորցնել, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Քաղաքական գործիչն իր տեսակետը Facebook-ի էջին է շարադրել:

«Որքան էլ որ ռուսական պետության ղեկավարը բլեֆի դիմի, դրույքների աճի նման տեմպերի արդյունքում կամ ստիպված է լինելու նահանջել, կամ` կորցնել ամեն ինչ»,- գտնում է նախկին նախագահը:

Բացի այդ, Սահակաշվիլին համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայի քաղաքացիները նահանջելու տեղ չունեն, քանի որ անորոշությունը կարող է երկրի կորստի բերել:

«Ուկրաինացիներ, դուք այլեւս նահանջելու տեղ չունեք, թուլանալու դեպքում կարող եք ամեն ինչ կորցնել: Եթե հենց այս պահին անորոշություն ցուցաբերեք, ապա մի փոքր անց արյունահեղություններ են լինելու, նախ` արդյունաբերական Ուկրաինան եք վատնելու, դեպի ծով բոլոր ելքերը, այլ կերպ ասած` տնտեսական բոլոր հեռանկարները, իսկ այնուհետ էլ` պետականությունը»,- գրել է Սահակաշվիլին:

Վրացի քաղաքական գործչի խոսքով, հարկավոր է դիմակայել Վլադիմիր Պուտինին եւ միայն այդ կերպ պահպանել միացյալ Ուկրաինան: