ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նորընտիր ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատվով կկատարի իր աշխատանքը: Մայիսի 7-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Ամփոփ ներկայացնելով Բաղդասարյանի կենսագրությունը, Գալուստ Սահակյանը նշել է, որ նա 1998թ.-ից պատգամավոր է եղել եւ մասնագիտությամբ տնտեսագետ է: «Կարծում եմ` դա կօգնի խմբակցությանը տնտեսական բնույթի օրինագծերի շուրջ հստակ դիրքորոշում ձեւավորելու հարցում: Նա շփվող մարդ է, կարողանում է համակրանք շահել: Խմբակցության բոլոր լավ ավանդույթներն էլ շարունակական կլինեն»,- ասել է ԱԺ նախագահը:
Գալուստ Սահակյանը նաեւ նշել է, որ առաջիկայում կառավարության ծրագիրն է ներկայացվելու խորհրդարանին, եւ ՀՀԿ խմբակցությունը պետք է միայնակ, հինգ այլ խմբակցությունների դեմ, քվորում եւ քվեարկության դրական արդյունք ապահովի: Միեւնույն ժամանակ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ հիշյալ տեսանկյունից խնդիրներ չեն լինելու:


























