Գալուստ Սահակյանի քվեարկությունից հետո քաղաքական ուժերը պետք է պարզապես լռեն։ Ազգային ժողովի նախագահի ընտրության մասին այսպիսի կարծիք այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը։

«Սաղդ մեկ եք, քաղաքական ուժերն ուղղակի պետք է լռեն, այլեւս ոչինչ չխոսեն, ամեն ինչ ապացուցեցին արդեն»,- ասաց նա։

Այնուամենայնիվ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը համոզված է, որ շատ լավ է, որ ընտրություններն այդպես ընթացան։

«Ասենք՝ Ազգային ժողովի նախագահ չունենայինք, տեսեք, թե ինչ խնդրի առաջ կկանգնեինք։ Եթե ԱԺ նախագահի ընտրություն չունենայինք, կասեին, թե ինչի եք էնտեղ նստել, եթե ոչինչ անել չեք կարող։ Տեսնում եք, թե ինչքան կարեւոր էր ընտրությունն ապահովելը»,- հակադարձեց նա։

Նշենք, որ Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահ է ընտրվել ապրիլի 29-ին 101 ձայնով։ Նրա թեկնածությանը կողմ են քվեարկել ոչ միայն ՀՀԿ-ն, այլեւ այլընտրանք համարվող ԲՀԿ-ն եւ ընդդիմություն դարձած ՕԵԿ-ը, իսկ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» հրաժարվեցին ընտրությանը մասնակցելուց։