Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի ներկայացուցչական մարմինը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այս մասին մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Պատգամավորի խոսքով, Լեռնային Ղարաբաղի եւ մյուս նմանատիպ հակամարտությունները լավագույն լուծում ունեն` ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը: «Բոլոր ջանքերը պետք է ԼՂ խնդրի խաղաղ եւ քաղաքական կարգավորմանն ուղղված լինեն. մնացյալ հարցերում ԼՂՀ-ն ցույց է տվել, որ, փաստացի, կայացած եւ ինքնիշխան, ժողովրդավարական սկզբունքներով գործող պետություն է հանդիսանում: Համոզված եմ` վաղ թե ուշ գործընթացների արդյունքում ԼՂՀ-ն բանակցությունների ինքնուրույն կողմի կարգավիճակ ձեռք կբերի, եւ հանրապետության օրինական իշխանություններն ու հասարակությունն իրենց ճակատագիրը վերջնականապես որոշելու հնարավորություն կստանան»,- ընդգծել է Արտակ Զաքարյանը:
Հիշեցնենք` մայիսի 5-ին Կալիֆորնիայի օրենսդրական ժողովի կանոնակարգի հարցերով հանձնաժողովը հանավություն էր տվել ԼՂ անկախությանը աջակցություն հայտնող բանաձեւի նախագծին: Այսպիսով, Կալիֆորնիան կարող է միանալ Ռոդ-Այլենդ, Մեն, Մասաչուսեթս եւ Լուիզիանա նահանգներին, որոնք արդեն ճանաչել են Լեռնային Ղարաբաղի անկախությունը:


























