Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կարող ազդել հայ-ռուսական տնտեսական համագործակցության վրա, սակայն Հայաստանի կախվածությունը ռուսական տնտեսական համակարգից այնքան մեծ չէ, որպեսզի հնարավոր չլինի բալանսավորել այդ տնտեսական համագործակցությունն արեւմտյան երկրների հարաբերությունների հետ, մայիսի 7-ի մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀԿ պատգամավոր, խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Բնականաբար, ընդգծել է պատգամավորը, Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունն անընդունելի է: «Կարծում եմ, որ այդպիսի խնդիրները ավելի շատ քաղաքական լուծումների հնարավորություն ունեն: Հայաստանի հետ Ռուսաստանի համագործակցության հարցում որոշակի դժվարություններ կծագեն, սակայն չեմ կարծում, որ Հայաստանը մեծ մտահոգություններ պետք է ունենա տնտեսական ազդեցության տեսակետից: Ընդհանուր առմամբ մեր հավասարակշռված քաղաքականության եւ արեւմտյան երկրների հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով աշխատանքը շարունակելու պատրաստակամության շնորհիվ մենք երբեք չենք հակադրի գոյություն ունեցող խնդիրները», - նշել է Արտակ Զաքարյանը: Հետեւաբար, ըստ նրա, հավասարակշռված եւ նպատակաուղղված քաղաքականության դեպքում Հայաստանը կարող է հավասարակշռված մոտեցումներ ունենալ նաեւ տնտեսության բնագավառում:

























