Սլավյանսկի անցակետերում աշխարհազորայինները «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համալիրներ են տեղակայել: Այս մասին տեղեկություն է տարածել Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը` մանրամասնելով, որ 2 կմ հեռահարությամբ հիշյալ համալիրները զրահապատ թիրախների դեմ պայքարի, ապաստարանների, կրակային միջոցների եւ կետերի, ինչպես նաեւ ցածր բարձրության վրա թռչող ուղղաթիռների ոչնչացման համար են նախատեսված:

Բացի այդ, հաղորդվում է, որ Սլավյանսկում ղրիմյան կազակներ են հայտնվել:

«Քաղաքի հիմնական ճանապարհները անջատողականների վերահսկողության տակ են գտնվում: Նրանք ոչ միայն փաստաթղթերն են ստուգում, այլ նաեւ` բջջային հեռախոսները: Մարդիկ ահաբեկված են, դպրոցները, մանկապարտեզները եւ խանութները չեն աշխատում: Ականատեսների վկայությամբ, քաղաքում այս ու այն կողմ էլեկտրացանցերի սյուներ են թափված»,- ասվում է ՊՆ հայտարարության տեքստում:

Միեւնույն ժամանակ, LifeNews-ի փոխանցմամբ, «առնվազն երկու մարդ է մահացել` քաղաքը լքելու փորձ կատարելիս», մինչ «զինվորականները կրակ են բացում անցակետերին մոտեցող խաղաղ բնակիչների մեքենաների ուղղությամբ»: