ԵՊՀ-ում այսօր՝ մայիսի 7-ին, մեկնարկել է «Եվրոպա եւ Կովկաս. միջտարածաշրջանային կապերն ու ինքնության հարցերը» խորագրով միջազգային գիտաժողովը:

Երկօրյա գիտաժողովն անցկացվում է Պատմության ֆակուլտետում: Թեմայի վերաբերյալ, բացի Հայաստանի մասնագետներից, զեկույցներ են ներկայացնելու եւ դրանք քննարկելու պատմաբան-գիտնականներ Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Վրաստանից: «Կան գիտական հարցեր ու խնդիրներ, որոնք շատ են եւ որոշ դեպքերում բարդ լուծումներ պահանջող: Չեմ երեւակայում, որ այդ լուծումներն այսօր՝ քննարկումների ընթացքում, կգտնվեն, բայց հուսով եմ՝ դրանք վեր կհանվեն եւ լուծման ուղիներ կմատնանշեն: Թե դրանք ինչքանով կյանքի կկոչվեն, դա քաղաքական գործիչների խնդիրն է: Բայց ուրախալի է, որ մեր հարեւան գործընկերների հետ քննարկում ենք մեր տարածաշրջանային խնդիրները»,- նշել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Նշենք, որ այս թեմայի վերաբերյալ սա 3-րդ գիտաժողովն է. առաջին երկուսն անցկացվել են Ֆրանսիայում (2010 թ-ին) եւ Վրաստանում (2013 թ-ին): Այս տարի գիտաժողովի կազմակերպիչներն են ԵՊՀ-ն, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան եւ Գիտության պետական կոմիտեն:

Տեղացի եւ արտերկրից ժամանած գիտնականներն իրենց զեկույցներում անդրադառնալու են պատմական տարբեր ժամանակաշրջաններում հայ-վրացական, հայ-ֆրանսիական հարաբերություններին, ազգային ինքնության ընկալման հարցում ազգային էպոսների, կրոնների դերին, Ռուսաստանի եւ Կովկասյան տարածաշրջանի երկրների հարաբերություններին եւ այլն: «Արդի պայմաններում առկա մարտահրավերները պահանջում են, որ քննարկվեն եւ կոնկրետ բացատրություններ տրվեն այս հարցերին: Պատմական անցյալի ուսումնասիրության հիման վրա անհրաժեշտ է եզրակացություններ անել»,- ասում է Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ով նաեւ զեկույց էր ներկայացնում հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին:

«Եվրոպական երկրներում, մասնավորապես Ֆրանսիայում մարդիկ աստիճանաբար  հեռանում են ազգային ինքնությունից: Ես իմ ֆրանսիացի ընկերներին ասում եմ՝ ինչո՞ւ եք ամաչում ձեր ինքնությունից: Բայց գլոբալացվող աշխարհում ինքնություն պահպանելն ավելի ու ավելի դժվար է դառնում: Իսկ, օրինակ, Հայաստանում ինքնության ընկալումն ավելի ամուր հիմքերի վրա է: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն է ստիպում այդպես լինել, իսկ եվրոպացիներն իրենց հարեւանների հետ խնդիրները լուծել են ու խաղաղ ժամանակներ են ապրում»,- կարծում է Ֆրանսիայի Մոնպելյե III համալսարանի պրոֆեսոր, հայտնի հայագետ Ժերար Դեդեյանը:

Վրացի պատմաբաններն էլ հույս են հայտնում, որ այս գիտաժողովից հետո զուտ ընկերական հարաբերությունները կվերածվեն գործընկերայինի, ու կսկսվի հայ-վրացական գիտական լուրջ համագործակցություն: