Ես տեսա այն դժգույն իրականությունը, որ ծառացած է շփման գծի երկու կողմերում գտնվող զինվորների առջեւ: Այս մասին Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» թեմայով ելույթի ժամանակ նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նա նաեւ նշել է. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ իմ աշխատանքը ես սկսեցի անցյալ տարվա սեպտեմբերին՝ այցելելով տարածաշրջան եւ հանդիպում ունենալով երկու նախագահների ու նրանց արտգործնախարարների հետ  Բաքվում եւ Երեւանում: Ես նաեւ եղա Լեռնային Ղարաբաղում՝ միանալով դեսպան Անջեյ Կասպրչիկի թիմին, որն իրականացնում էր ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումը շփման գծի երկայնքով՝ Աղդամի ու Գինդարխի ճանապարհների միջեւ ընկած հատվածում:

Ես թիմին միացա շփման գծի արեւմտյան կողմում եւ առաջին անգամ ռազմաճակատի գիծը տեսա: Ես տեսա այն դժգույն իրականությունը, որ ծառացած է այս գծի երկու կողմերում գտնվող զինվորների առաջ, ովքեր ապրում եւ աշխատում են խրամատների ու դիրքերի ետեւում եւ միմյանցից բաժանված են միայն փշալարերով ու ականապատ տարածքներով:

Կողմերն ապրում են դիպուկահարների կրակոցների ու ականների պայթելու վախն իրենց սրտերում: Նրանք մտահոգված են շփման գծին կամ հայ-ադրբեջանական միջազգային սահմանին «շատ մոտ» գտնվող քաղաքացիական բնակչության կյանքով, արոտավայրերի ու դաշտերի, գերեզմանների ու շենքերի հասանելիության հարցերով:

ԵԱՀԿ դիտորդներն աշխատել են երկու տասնամյակ՝ աչքերը պահելով այս փխրուն խաղաղության վրա, սակայն չունենք իրավասություն կամ ռեսուրսներ վերջ դնելու հաճախակի արձանագրվող դժբախտ դեպքերին, կամ էլ բացահայտելու  պատասխանատուներին:

Կողմերն ամեն տարի հրադադարի խախտման մասին հազարավոր հաղորդումներ են  ներկայացնում , սակայն մենք անկարող ենք գտնվել համաձայնության գալ որեւէ միջոցի շուրջ, որը կնվազեցներ այդ դրսեւորումները:

Ես նաեւ Լեռնային Ղարաբաղում եմ եղել, որտեղ հանդիպել եմ դե-ֆակտո իշխանությունների հետ, լսել նրանց դիրքորոշումները: Եկող շաբաթ կրկին նախատեսում եմ լինել այնտեղ՝ մյուս համանախագահների հետ միասին: Կասկածից վեր է, որ տեւական խաղաղության ցանկացած համաձայնություն հաջողված համարվելու համար պետք է արտացոլի բոլոր կողմերի դիրքորոշումները:

Մայրաքաղաքներում ես առավել հուսադրող ուղերձներ եմ լսել: Երկու նախագահներն էլ ցանկանում են առաջընթաց ունենալ: Երկուսն էլ համաձայն են, որ վերջին տարիների ընթացքում բանակցված փաստաթղթերը պարունակում են համաձայնության ընդհանուր գծերը:

Համանախագահներն անցյալ տարվա նոյեմբերին Վիեննայում ընդունեցին նախագահներին: Դա 2012թ. հունվարից հետո նախագահների առաջին հանդիպումն էր, եւ նրանց առաջին դեմառդեմ հանդիպումը 2009թ. ի վեր:  Նրանց խոսակցությունը, առաջընթացի ուղի գտնելու հանձնառության մասին հայտարարելը  հուսադրող էր մեզ համար: Դրանից հետո մենք տասը տարբեր առիթներով հանդիպել ենք արտգործնախարարների հետ՝ մեկի կամ երկուսի հետ միասին, որպեսզի քննարկումը շարունակվի:

Այնուհանդերձ, հստակ է, որ միայն նախագահներն են,  որ ի զորու են իրենց երկրների համար նման փոխակերպող հետեւանքներ ունեցող համաձայնություն կնքել: Միացյալ Նահանգները երկու ղեկավարներին համառորեն հորդորել է կրկին հանդիպում ունենալ առաջիկայում եւ օգտագործել այս հնարավորության պատուհանը, երբ խաղաղությունը հնարավոր է»: