Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիասյին Իռլանդիայի, ԱՄՆ-ի, ԵՄ ներկայացուցչության, Նիդերլանդների Թագավորության, Իսպանիայի Թագավորության, Չեխիայի Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության դեսպանությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հաղորդում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ժողովրդավարական ինստիտուտների խորացող ճգնաժամը, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները, իշխանության անսահմանափակ կենտրոնացումը մեկ անձի շուրջ, որը հանգեցրել է ավտորիտար կառավարման համակարգի ձևավորմանը։

Միջազգային գործընկերներին ներկայացվել են Հայաստանում ընդդիմության նկատմամբ իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումները, այդ թվում վերջին շրջանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ իրականացվող հետապնդման գործընթացը։
Ընդգծվել է, որ իշխանությունը պետական և իրավապահ համակարգերը վերածել է ընդդիմության դեմ քաղաքական հաշվեհարդարի գործիքի՝ նպատակ ունենալով չեզոքացնել ընդդիմադիր առաջնորդներին՝ Ադրբեջանի պահանջով իրականացվող առաջիկա զիջումներին ընդառաջ:





























