Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությանը, սակայն որեւէ կոշտ դիրքորոշում չի հայտնել դեսպանի աղմկահարույց եւ դիվանագիտական էթիկայից զուրկ խոսքին:

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի հարցին. «Ռուսաստանի դեսպանը ասել է, որ Հայաստանում ինչ-որ հասարակական կազմակերպություններ ցանկանում են սեպ խրել ռուս - հայկական հարաբերություններում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն»:

Իր պատասխանում Բալայանը նշել է. «Չեմ կարծում, որ որեւիցե հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ՝ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված եւ ժամանակի փորձությունն անցած, դաշնակցային հարաբերություններում։ Հայաստանում բոլոր կազմակերպությունները գրանցվում եւ գործում են ՀՀ օրենսդրության շրջանակներում»:

Նշենք, որ Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը մասնավորապես ասել էր .«Վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որեւէ կասկած չկա: Սակայն, հավանաբար, պետք է նաեւ այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունն ուղղում են ռուս-հայկական բարեկամության դեմ, Ռուսաստանի ու Հայաստանի բարին չեն ցանկանում»,-ասել էր Իվան Վոլինկինը:

Դեսպանի այս հայտարարությունը հարուցել էր շատերի վրդովմունքը, մի քանի իրավապաշտպաններ կոչ էին արել դեսպանին անցանկալի անձ հայտարարել՝ Հայաստանի ներքին գործերին կոպտորեն միջամտելու համար: