Կուտակային բարեփոխման վերաբերյալ կառավարությունում ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքները դեռ չեն սկսվել, չնայած Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական խմբակցություններին հրավեր ուղարկել է մոտ մեկ ամիս առաջ:
NEWS.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հայտնեց, որ իրենք ընդունել են վարչապետի առաջարկը, սակայն աշխատանքները դեռ սկսված չեն:
«Մեր խմբակցությունից ես եմ լինելու աշխատանքային խմբում: Հույս ունեմ, որ իսկապես հնարավորություն կձեւավորվի, որ փոփոխություններ լինեն նոր օրենքում, բացի դրանից կմշակվի այնպիսի օրենք, որն ընդունելի կլինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար»,- ասաց նա:
Թեւան Պողոսյանի խոսքով՝ իրենք կառավարությունում ներկայացնելու են հենց այն առաջարկները, որոնք այսքան ամիսների ընթացքում հրապարակել են խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք նույնպես ընդունել են առաջարկն ու իրենցից մասնակցելու է Միքայել Մելքումյանը: ՀՅԴ-ն նույնպես համաձայնվել է աշխատել կառավարության հետ նոր օրենքի հետ կապված:
«Քառյակից» միակ ուժը, որ չի մասնակցում, Հայ ազգային կոնգրեսն է: NEWS.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ իրենք չեն պատրաստվում «Սերժ Սարգսյանի ձեւավորած կառավարության հետ ինչ-որ բան քննարկել»:
«Մենք ոչ մի քննարկման չենք մասնակցելու: Դա հաստատ է, եւ այդ մասին էլ ասել եմ արդեն խորհրդարանում»,- ավելացրեց նա:
Նշենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի պարտադիր բաղադրիչի հարցի վերաբերյալ ապրիլի 22-ին քննարկում էր հրավիրել կառավարությունում, որին մասնակցում էին խորհրդարանական հինգ ուժերի՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը: Հայ ազգային կոնգրեսը հրաժարվել էր հանդիպումից: Հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մասնավորապես ասել էր. « Այս պահին շատ կարեւոր է, որ պարտադիր բաղադրիչի պարտադրանքի կասեցման ուղղությամբ կոնկրետ քայլեր է կառավարությունը պատրաստ իրականացնել»:




























