Կնոջը ծեծելու, խոշտանգելու մեջ մեղադրվող՝ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ, բախտագուշակ Վարսիկի տղան՝ Սարգիս Հակոբյանը, կնոջ հետ վիճել է, քանի որ նա չի զբաղվել երեխաների դաստիարակությամբ, մի անգամ էլ փորձել է թունավորել իրեն: Այս մասին Գավառի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 7-ին, ասաց Սարգիս Հակոբյանը:

«Հասմիկը անուշադրության էր մատնում երեխեքին: Ընկերներս երեխուս գյուղի ծերից էին գտնում, զանգում, ասում` արի, տար: Էդ ա եղել մեր վեճի պատճառը»,- ասաց ամբաստանյալը։

Սարգիսը դատարանին հայտնեց, որ ինքը կնոջը չի ծեծել, կինը հուլիսի16-ին տնից փախել է իր ապտակից հետո:

Դատավորի այն հարցին, թե ինչու է ապտակել կնոջը, Սարգիս Հակոբյանն ասաց.

«Էդ օրից մի քանի օր առաջ դուռը ծեծեցի, ներս մտա, հեռախոսով էր խոսում` չգիտեմ ում հետ, ասեց` մամայիս հետ եմ խոսում, ասեցի, որ հեռախոսը տա, համարը վերջին ջնջեց նոր տվեց: Հարցրեցի` ինչի ջնջեց, եթե մոր հետ էր խոսում, սկսեց խաբել: Էդ դեպքից մի 15 օր առաջ էլ ջուր ուզեցի, երկու կում արեցի, տեսա մեջը դեղ կա, ասեցի` ես ինձ թույնեցի՞ր: Խաբեց, թե երեխեքն են գցել երեւի, բայց իրանք քնած էին: Էդ դեպքերից հետո՝ հուլիսի 16-ին, էդ թեմաներով նստեցի, որ խոսենք, խաբեց, ապտակեցի, փախավ հորեղբոր աղջկա գիրկը, էն էլ գցեց սրանց ձեռը: Սրանք էլ ուղեղը լվացին (նկատի ունիԿանանց ռեսուրսների կենտրոնը, եւ մնացած իրավապաշտպան կազմակերպությունները)»:

Դատավորին դուր չեկան Սարգսի խոսքերը եւ նա նկատողություն արեց. «Ձեռքերդ հանիր գրպանիցդ ու մի վիրավորիր մարդկանց»:

Շարունակելով իր ցուցմունքը՝ բախտագուշակ Վարսիկի որդին ասաց, որ ընտանեկան վեճի առիթ է դարձել նաեւ այն, որ կինը հիգիենայի կանոնները չի պահպանել:

Դատախազը մեղադրյալին հարցրեց, թե որտեղից են առաջացել կնոջ գլխի սպիները, նախաբազկի այրվածքը, եթե ոչ ծեծել է նրան, ոչ էլ ծխախոտ հանգցրել թեւին:

«Պարյադոչնի տղան բա իրա կնոջը կայրի՞: Ինքը զրպարտում ա իմ վրա: Սաղ իրա ջանը հետք ա եղել, էդ իմ խփածներից չի: Գլխի վրայի սպիներեն էլ նրանից ա, որ ինքը փոքր վախտ շատ անդաստիարակ, չար երեխա ա եղել»,- դատախազի հարցից կարծես թե վիրավորված ասաց Սարգիսը, ապա հավելեց. «Ես իրան նենց եմ պահել, որ ոչ մի մարդ իրա կնգան տենց չի պահել, 1000  դոլարանոց շորեր եմ առել: Ինքը միշտ քեֆերի մեջ ա եղել: Սաղ երազում էին, իրա տեղը լինել, իմ համար ցելա էին քցում: Երազում էին, որ իմ հետ ապրեն»:

Հասմիկի ամուսինը չհերքեց այն փաստը, որ ինքը Հասմիկից գաղտնի Երեւանում սիրուհի է ունեցել. «Հա շփվել եմ մի կնոջ հետ, գնացել, եկել եմ: 1 տարի կամ 8 ամիս ա տեւել երեւի»

Սարգիս Հակոբյանը կարծում է, որ Հասմիկը իրեն դատի է տվել, որպեսզի ինքը ճաղերի հետեւում հայտնվի, նա էլ կարողանա երեխաների հետ Եվրոպա գնալ:

«Ես չեմ պատկերացրել, որ ինքը կփախնի, սենց բաներ կանի, սկի քաղաքի կնանիք նման բան չեն անի: Չեմ ուզում տեսնեմ ես իրան, ինձնից թող ինքը վազն անցի: Իմ համար մեկ ա՝ ինքը սաղ ա թե մեռած»,- ասաց Սարգիսը:

Դատախազը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատավորը թույլ տա տուժող Հասմիկ Խաչատրյանին լրացուցիչ հարցաքննել:

Հասմիկը ցուցմունքի ժամանակ շարունակեց պնդել, որ սպիները եւ նախաբազկի այրվածքը առաջացել են ամուսնու բռնարարքների հետեւանքով:

«Հակոբյանների քույրերն էլ տեսել են իմ գլխի վնասվածքները: Իրանք են իմ գլուխը մշակել, ամեն րոպե սպասում էին, որ կմեռնեմ: Ուղղակի դատարանում հո չե՞ն կարող ցուցմունք տալ իրենց հարազատի դեմ: Այդպիսի կյանք ես միայն դաժան ֆիլմերում եմ տեսել: Ես էլ հնարավոր չեմ համարում մեր միանալը, նման բնավորության տեր մարդու հետ անհնար է ապրել»,- հայտնեց Հասմիկ Խաչատրյանը:

Նշնենք, որ 28-ամյա Հասմիկ Խաչատրյանը եւ Սարգիս Հակոբյանը ունեն երկու երեխա`6-ամյա որդի եւ 7-ամյա աղջիկ:

Հիշեցնենք, որ Սարգիս Խաչատրյանը մեղադրվում է ամուսնական կյանքի ընթացքում կնոջը՝ Հասմիկ Խաչատրյանին խոշտանգելու, պարբերաբար ծեծի ենթարկելու, մարմնական և հոգեկան տառապանք պատճառելու մեջ: Հասմիկը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ 9 տարվա ամուսնական կյանքի ընթացքում ինքը բազմիցս ծեծի է ենթարկվել. ամուսինը մինչև անգամ աթոռը ջարդել է իր թիկունքին ու աթոռի կոտրված մասով հարվածել գլխին: Նա պատմել էր, որ ամուսնու տնից փախչելու օրը դաժան ծեծի էր ենթարկվել, ինչի հետեւանքով պատռվել էր ականջի թաղանթը: