Ավելի լավ կլիներ, եթե պրոֆեսիոնալ դեսպանները զբաղվեին իրենց դիվանագիտական առաքելությամբ, այլ ոչ թե այլ երկրների ներքին գործերով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովում ՀՀԿ պատգամավոր, Պետաիրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի արտահայտություններին եվրոպամետ ՀԿ-ների գործունեության վերաբերյալ:

Սակայն պատգամավորը նաեւ կարծիք է հայտնել, որ հնարավոր է, ռուս դեսպանն իր երկիրն է նկատի ունեցել: «Այսօր մենք կայացած ու զարգացող քաղաքացիական հասարակություն ունենք, հասարակական կառույցներ: Հասարակական մի շարք կազմակերպություններ աշխատանք ուղղված է այս կա այն բնագավառի բարելավմանը: Կան, իհարկե, նաեւ այնպիսինները, որոնք ստեղծվել են գրանտային ծրագերի մասնակցելու համար»,- նշել է Հովհաննես Սահակյանը: Նրա համոզմամբ՝ պետք է այնպես անել, որպեսզի ՀԿ-ներն ավելի հետեւողական լինեն, կազմակերպված ու ավելի որոշակիացված խնդիրներ լուծեն: «Իսկ այլ երկրների դեսպանները նման հայտարարություններով կարող են հանդես գալ իրենց սեփական երկրներում»,- եզրափակել է Հովհաննես Սահակյանը:

Հիշեցնենք, որ «Ноев Ковчег»-ին տված հարցազրույցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, պատասխանելով այն հարցին, թե չի կարծում արդյոք, որ Ռուսաստանը պետք է ավելի լուրջ զբաղվի ռուս-հայկական հարաբերությունների քարոզով եւ հարված հասցնել արտասահմանյան այն կազմակերպություննեին, որոնք եվրոպական արժեքներ են քարոզում, նշել էր. «Այս առումով որեւէ կասկած չկա: Սակայն, հավանաբար, պետք է նաեւ այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունն ուղղում են ռուս-հայկական բարեկամության դեմ, Ռուսաստանի ու Հայաստանի բարին չեն ցանկանում»: