Ուկրաինայի շուրջ ճգնաժամի ֆոնին Գերմանիայի բունդեսթագի հատուկ ծառայությունների գործունեությունը վերահսկող հանձնաժողովը երկրում Ռուսաստանի ծավալած լրտեսական նախաձեռնություններն է ուսումնասիրում:

Հանձնաժողովի արտահերթ նիստին սահմադրության պաշտպանության դաշնային տեսչության եւ BND հետախուզական դաշնային ծառայության ղեկավարներ Հանս-Գեորգ Մաասենը եւ Գերհարդ Շինդլերը պատգամավորներին Գերմանիայում ռուսական լրտեսական գործունեության ծավալներն են ներկայացրել, նիստի մասնակիցներին եւ դաշնային կանցլերի աշխատակազմին վկայակոչելով հաղորդում է Kölner Stadt-Anzeiger պարբերականը:

Խորհրդարանական հանձնաժողովի նիստի առիթ են հանդիսացել ՌԴ արտաքին հետախուզական ծառայության Գերմանիայում եւ, մասնավորապես, Բեռլինում ծավալած գործունեության մասին լրատվամիջոցներում տարածված հաղորդագրությունները: Սահմադրության պաշտպանության դաշնային տեսչությունում գտնում են, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի արդյունքում ռուսական հատուկ ծառայություներն էլ ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ԳՖՀ-ի հանդեպ:

Ռուսական գործակալները ցանկանում են Գերմանիայում քաղաքական որոշումների ընդունման մեխանիզմները հասկանալ, ինչպես նաեւ պարզել, թե որքանով են Գերմանիան ու ԵՄ-ն պատրաստ տնտեսական օգնություն տրամադրել Ուկրաինային, նույնիսկ եթե գործը գազի մատակարարումներին հասնի, Tagesspiegel պարբերականին վկայակոչելով տեղեկացնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: