Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Դոնեցկի մարզի կարգավիճակի մասին հանրաքվեն հետաձգելու`Ուկրաինայի արեւելքում գործող դաշնայնացման կողմնակիցներին ուղղված կոչը: 

«Լարվածության լիցքաթափմանն ուղղված ցանկացած, նունիսկ այդչափ փոքր ազդակը պետք է ողջունելի լինի»,- ասել է սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունը ներկայացնող գերմանացի քաղաքական գործիչը` Kölner Stadt-Anzeiger թերթին տված հարցազրույցին: Միեւնույն ժամանակ Շուլցը Պուտինին խոսքը գործով ամրապնդելու կոչ է արել: 

Գերմանիայի կառավարության` Ռուսաստանի հետ միջհամայնական համագործակցության հարցերով լիազոր ներկայացուցիչ Գերնոտ Էրլերը նույնպեսն դրական է գնահատել Պուտինի` Ուկրաինայի շուրջ հայտարարությունը:

«Դա անջատողականներին ուղղված իրապես հուսադրող ազդակ է: Եվ վկայությունն այն բանի, որ ռուսական կողմը նույնպես նախընտրում է հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորել», - Deutsche Welle-ի ռուսական ծառայության վկայակոչմամբ, հայտարարել է լիազոր ներկայացուցիչը` ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցին: