Եվրամիության անդամ-երկրները նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի դեմ «սեւ ցուցակն» ընդլայնելու եւ այն ոչ միայն նոր ֆիզիկական անձանցով, այլ նաեւ ռուսական ընկերություններով համալրելու վերաբերյալ, ԵՄ խորհրդի աշխատակիցներից մեկին վկայակոչելով հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Պայմանավորվածությունը ձեռք է բերվել»,- ասել է նա` հրաժարվելով որեւէ այլ մանրամասնություն նշել: Պաշտոնյայի խոսքով, ՌԴ դեմ հավելյալ պատժամիջոցները ԵՄ երկրների առաջնորդների` մայիսի 12-ին Բրյուսելում կայանալիք հանդիպանն են ներկայացվելու:

Մայիսի 6-ին Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը հայտարարել էր, որ Ուկրաինայում տիրող լարվածության լիցքաթափման բացակայության պարագայում ԵՄ-ն պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները: