Շվեդական SAS ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը փրկվել է երկրի օդային տարածքում ընդամենը 90 մ հեռավորության վրա հայտված ռուսական դիտորդ-օդանավի հետ բախումից:

Միջադեպը դեռեւս մարտի 3-ին է տեղի ունեցել, սակայն այդ մասին տեղեկությունները միայն հիմա են հրապարակվել: Հայտնի է նաեւ, որ Կոպենհագենի օդանավակայանից թռչող քաղաքացիական ինքնաթիռը Հռոմ էր ուղեւորվում:

«Օդ բարձրանալուց անմիջապես հետո ինքնաթիռի անձնակազմը հաղորդագրություն է ստացել, որ թռիչքուղու վրա մեկ այլ` չբացահայտված ինքնաթիռ կա»,- NTB տեղեկատվական գործակալությանը վկայակոչելով հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

Գործակալության տվյալներով, անձնակազմի տրամադրության տակ գտնվող համակարգերը չեն նկատել ռուսական Իլ-20Մ ինքնաթիռը, եւ միայն ռադարների օգնությամբ է այն հայտնաբերվել:

Միջադեպի քննությունը Շվեդիայի վթարային հանձնաժողովին է վստահվել: Երկու ինքնաթիռներն ընդամենը 90 մ հեռավորության վրա են միմյանց կողքով անցել, մինչ թույլատրված հեռավորությունը 300 մետր է:

ՌԴ պաշտպանության նախարարությունից մեկնաբանություններ դեռեւս չեն ստացվել: