Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է երկխոսություն վարել Դոնբասի ակտիվիստների եւ գործարարների հետ, բայց ահաբեկիչների հետ զրույց չի լինի:
Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Տուրչինովը արձագանքել է Պուտինի՝ Արեւելքում «պատժիչ գործողության» վերաբերյալ հայտարարությանը, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:
«Ուկրաինայի իշխանությունները երկրի արեւելքում երբեք պատժիչ գործողություններ չեն կատարել: Ուժայինները պաշտպանում են քաղաքացիներին՝ ահաբեկիչների, դիվերսանտների եւ այլ հանցագործների դեմ պայքարի գործողությունների ընթացքում», - հայտարարել է նա:
Տուրչինովը հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է երկխոսության. «Մենք պատրաստ ենք հարցեր քննարկել Լուգանսկի եւ Դոնեցկի ղեկավար մարմինների, գործարարների եւ քաղաքացիական ակտիվիստների հետ: Սակայն զինված ահաբեկիչների հետ քաղաքակիրթ պետությունները զրույցներ չեն վարում: Օրենքին համաձայն նրանց վնասազերծում են», - հայտարարել է Տուրչինովը:




























