Յուրի Մերզլյակովը ԵԱՀԿ Մինսկի խմբին պաշտոնապես ներկայացրել է ռուս նոր համանախագահ Իգոր Պոպովին։ Այս մասին ասվում է մայիսի 6-ին ԵԱՀԿ կայքէջում տեղադրված հայտարարության մեջ։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), ինչպես նաեւ նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովը մայիսի 5-ին Վիեննայում ամփոփել են ղարաբաղյան հակամարտության ներկա փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել իրենց ցուցաբերված օգնության համար։ Նրանք պատրաստակամություն են հայտնել ղարաբաղյան կարգավորման գործընթացն իրականացնել Մադրիդյան սկզբունքների հիման վրա։

Համանախագահի դերում Վիեննա կատարած իր վերջին այցի ընթացքում Մերզլյակովը ԵԱՀԿ Մինսկի խմբին է ներկայացրել է ռուս նոր համանախագահ Իգոր Պոպովին։ Համանախագահները մտադիր են մոտ օրերս հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: