Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ու անկախությունը բարձրագույն արժեքներ են եւ չեն կարող առեւտրի միջոց դառնալ: Հիշյալ հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունները եւ  Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի` դրանց անմիջապես հաջորդած մեկնաբանությունները, Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը պատրաստ է ցանկացած հարցի շուրջ քննարկում կազմակերպել Ադրբեջանի հետ: Բայց դա պետք է հիմնական սկզբունքների հաշվառմամբ արվի` դեպի անցյալ վերադարձ չկա եւ չի կարող լինել, թե կարգավիճակի, թե սահմաններին վերաբերող հարցում:

Ինչպես ավելի վաղ է հաղորդվել, Կարնեգիի կենտրոնում ելույթի ժամանակ Ջեյմս Ուորլիքը ԼՂ խնդրի կարգավորման 6 հիմնական տարրերն է ներկայացրել: Այնուհետեւ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում Ուորլիքի ելույթի մեկնաբանությամբ է հանդես եկել ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Նրա ընգծմամբ, միջնորդը փորձել է ԼՂ կարգավիճակը շրջապատող տարածքների կարգավիճակից տարանջատման ԱՄՆ քաղաքականությունը ներկայացնել: