Մայիսի 7-ին Ժնեւում ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների կոմիտեն իր 52-րդ նստաշրջանի ընթացքում քննարկեց Հայաստանի 2-րդ եւ 3-րդ պարբերական զեկույցները ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների Միջազգային դաշնագրի իրականացման վերաբերյալ:
ՀՀ պատվիրակության կազմում, որը ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ընդգրկված էին արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրրակոսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, արտաքին գործերի, էկոնոմիկայի, կրթության եւ գիտության, առողջապահության նախարարությունների, ինչպես նաեւ դատական դեպարտամենտի ներկայացուցիչները:
Զեկույցի քննարկումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում` կոմիտեի կողմից առաջարկված թեմատիկ հարցերի շրջանակում: ՀՀ պատվիրակության ղեկավարը ներկայացրեց զեկույցը, ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների Միջազգային դաշնագրի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը` օրենսդրական եւ պրակտիկայում արձանագրված բարեփոխումները, Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված եւ նախատեսվող քայլերը:
Զեկույցի քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակությունը պատասխանեց կոմիտեի անդամների կողմից բարձրացված հարցերին, մասնավորապես ներկայացնելով դաշնագրի իրականացման սահմանադրական եւ իրավական շրջանակները, երկրում տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների պաշտպանման եւ խթանման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող աշխատանքը:
Մայիսի 23-ին կհրապարակվեն Կոմիտեի կողմից ընդունված եզրակացություններն եւ առաջարկությունները:
Տեղեկանք` ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների կոմիտեն 18 անկախ փորձագետներից կազմված ՄԱԿ-ի պայմանագրային մարմին է, որը հսկում է Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների Միջազգային դաշնագրի իրականացման ընթացքը` 5 տարի պարբերականությամբ ներկայացվող զեկույցի միջոցով:




























