Քարնեգիի կենտրոնում իր ելույթում Ջեյմս Ուորլիքը շարադրել է ԱՄՆ-ի քաղաքականությունը եւ իրեն առաջարկված սկզբունքները, որոնք հիմք կծառայեն խաղաղ կարգավորման համար, մայիսի 7-ի ճեպազրույցում հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին:
Ի պատասխան հարցին՝ արդյոք հայտարարությունը նոր բան է եւ պետք է ԱՄՆ-ի կողմից նոր ջանքեր ակնկալել տեսանելի ապագայում, Պսակին նշել է. «Չեմ կարծում, թե այդ հայտարարությամբ նկատի էր առնվում ինչ-որ նոր բան, բացի մեր բազմամյա դիրքորոշումից եւ այդ գործընթացին նվիրվածությունից»:
Ինչ վերաբերում է ԼՂ ճանաչման բանաձեւի նախագծին, որը Կալիֆորնիայի խորհրդարանը կքննարկի մայիսի 8-ին, Պսակին նկատել է, որ ծանոթ չէ նախագծին. «Ես պետք է ստուգեմ եւ տեսնեմ՝ արդյոք Պետդեպն այդ առնչությամբ ունի մեկնաբանություն»:
Պետդեպի ներկայացուցիչը նաեւ ընդգծել է, որ տեղյակ չէ Ուկրաինայի դեպքերի եւ Ղարաբաղի խաղաղ գործընթացի միջեւ կապի մասին: Նման պատասխանը հետեւել է հարցին, թե՝ արդյոք կապ կա Ուկրաինայի դեպքերի եւ ԼՂ-ում բանակցային խաղաղ գործընթացի լարման միջեւ. «Մենք հավատարիմ ենք գործընթացին ԵԱՀԿ ՄԽ շրջանակում եւ համանախագահող երկիր ենք մնում: Հայտնի է նաեւ Ուկրաինայում մեր ջանքերի մասին: Ես այդ երկու դեպքերի միջեւ կապի մասին տեղեկություն չունեմ»,- հավելել է Պսակին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կրկնել էր ԼՂ հակամարտության կարգավորման «հիմնական սկզբունքները, որոնք վերջին 3-4 տարում վերագրվում էին ԵԱՀԿ ՄԽ-ին. Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքների վերադարձն Ադրբեջանի վերահսկողությանը, ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակի տրամադրումը, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքի ստեղծումը, ներքին տեղահանվածներին ու փախստականներին իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքի տրամադրումը:




























