Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը  ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի խոսքերում նոր բան չի տեսնում, հայտնում է ԱՊԱ-ն:

Ըստ նախարարի՝ Ադրբեջանը խաղաղ պայմանագրի կողմնակից է.  «Գոյություն ունեցող ստատուս քվոն անընդունելի է: Այն անընդունելի է հայերի համար էլ, նրանց երկրում զարգացում չկա, փոխարենը կան ժողովրդագրական  խնդիրներ: Մենք հայկական կողմին հարցի համատեղ լուծման կոչ ենք  անում:

Ադրբեջանի արտգործնախարարը նաեւ հայտնել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան այցի ընթացքում կքննեն սիրիահայերին Լեռնային Ղարաբաղում բնակեցնելու հարցը:

Հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կրկնել էր ԼՂ հակամարտության կարգավորման «հիմնական սկզբունքները, որոնք վերջին 3-4 տարում վերագրվում էին  ԵԱՀԿ ՄԽ-ին. Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքների վերադարձն Ադրբեջանի վերահսկողությանը, ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակի տրամադրումը, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքի ստեղծումը, ներքին տեղահանվածներին ու փախստականներին իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքի տրամադրումը: